ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը կտրուկ փոխել է իր քաղաքական կուրսը` համաձայնվելով Ռուսաստանի առաջարկության հետ սիրիական քիմիական զենքի վերահսկողությունը փոխանցել միջազգային հանրությանը և այսպիսով խուսափել ԱՄՆ-ի ռազմական հարվածից: Այժմ Օբաման պատրաստ է սպասել ՄԱԿ-ի` օգոստոսի 21-ին քիմիական զենքի հնարավոր օգտագործման հետ կապված հետաքննության արդյունքներին և խնդրել է Կոնգրեսին դեռևս չքվեարկել Սիրիայի նկատմամբ ուժի օգտագործման թույլտվության հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը: 

Կոնգրեսին խնդրել են սպասել մինչև շարունակվում են Ռուսաստանի հետ բանակցությունները:
Օբաման խոստովանել է, որ փոխել է իր մտադրությունները ռուսական առաջարկության պատճառով:

«Ես խնդրել եմ Կոնգրեսի ղեկավարներին հետաձգել ուժի օգտագործման թույլտվություն ստանալու քվեարկությունը, դեռևս մենք այս հարցում շարունակում ենք դիվանագիտական ճանապարհով: Ես ուղարկում եմ պետքարտուղար Ջոն Քերիին հանդիպել իր ռուս գործընկերոջ(Սերգեյ Լավրովի) հետ հինգշաբթի օրը և ես կշարունակեմ իմ անձնական քննարկումները նախագահ Պուտինի հետ»,- նշել է Օբաման Ամերիկայի բնակչությանը ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:

«Մասամբ ԱՄՆ ռազմական գործողությունների ակնհայտ սպառնալիքի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ կառուցողական բանակցությունների շնորհիվ ռուսական կառավարությունը ցանկություն է հայտնել միանալ միջազգային հանրությանը, որպեսզի ստիպի Ասադին հանձնել քիմիական զենքը»,- նշել է Օբաման: Նրա խոսքերով Ասադի ռեժիմը արդեն ընդունել է իր մոտ քիմիական զենքի առկայությունը  և անգամ համաձայնվել է միանալ քիմիական զենքի արգելքի բանաձևին: 

Օբաման նշել է, որ համոզված չէ ռուսական նախաձեռնության հաջողության մեջ:« Շատ շուտ է դեռևս խոսել, թե արդյոք հաջողությամբ կպսակվի այս առաջարկությունը և յուրաքանչյուր առաջարկություն պետք է հաստատի, որ Ասադի ռեժիմը հետևում է պարտավորություններին: Սակայն այս նախաձեռնությունը ունի խնդիրը առանց ուժային միջամտության լուծելու ներուժ, հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանը Ասադի ամենաամուր դաշնակիցներից մեկն է»,- ասել է Օբաման: Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ չեն օժանդակում Սիրիայի ներքին կոնֆլիկտի ոչ մի կողմի և ցանկանում են հասնել այդ կոնֆլիկտի խաղաղ լուծման: