Ջերմուկի բնակիչ Արարատ Սարգսյանն անցած տարի անտառում փոքրիկ տուն էր կառուցել՝ հույսով, որ այն որպես հյուրատուն կաշխատացնի։ Մեկ տարի անց, սակայն, սեպտեմբերի 14–ին, Սարգսյանների ընտանիքը զրկվեց եկամտի միակ աղբյուրից. ադրբեջանական զինուժի հրթիռակոծման ժամանակ արկն ընկավ նրանց նորակառույց տան վրա։ Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել, արկակոծության հետեւանքով ավերվել է տան ներսն ամբողջությամբ, շենքից քիչ հեռու գտնվող հանգստի սենյակը, նույնիսկ այգու մեծ եղեւնին է տապալվել (ֆոտոռեպորտաժ)։

«Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչեւ ներս, ներսը նույն ավերակ վիճակն է»,– պատմում է Արարատ Սարգսյանը, որը տուն է վերադարձել՝ լրագրողներին ավերածությունները ցույց տալու համար։

Հյուրասենյակի սեղանին կտրատած միրգն է, բաժակներ ու ափսեներ, Սարգսյաններն ամսի 12–ի երեկոյան նստել են սուրճ խմելու, սկսվել է հրետակոծությունն, ու ընտանիքը, սեղանն այդպես թողնելով, արագ դուրս է եկել տնից։ Սեպտեմբերի 14–ին օրվա երկրորդ կեսին Արարատը վերադարձել է տուն եւ տեսել՝ տունն ավերված է։ Կնոջն ու որդուն Ջերմուկից հանել է, իսկ ինքը՝ մնացել։

Սարգսյանները միակ ընտանիքը չեն, որ ստիպված են եղել արագ լքել տները։ Հայաստանում զբոսաշրջային ամենագրավիչ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, արդեն 1 շաբաթից ավելի փակ է տուրիստների համար, քաղաքում մարդկանց շարժը քիչ է. կամ տարհանվել են, կամ ապաստարաններում են։ Սեպտեմբերի 12–ի լույս 13–ի գիշերը Երեւանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաքի բնակիչներն ու հարյուրավոր զբոսաշրջիկները ստիպված էին արագ հեռանալ Ջերմուկից՝ շատերը նույնիսկ հյուրանոցներում թողնելով իրերը, քանի որ Ադրբեջանը հրետակոծում էր ինչպես դիրքերը, այնպես էլ քաղաքը։ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարի վրա, ադրբեջանցիները խփել են նաեւ գյուղի գերեզմանոցին։

Կեչուտ համայնքի բնակիչները մինչեւ այս պահը զրկված են ոռոգման ջրից, ջրագիծն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանի խոսքով, բնակիչներն անելանելի վիճակում են, քանի որ գյուղում ամեն տարի 10 հա տարածքում կարտոֆիլ են ցանում, որը չգիտեն, թե ինչպես են ոռոգելու։ Սեպտեմբերի 20–ից գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Բացի այդ, պայթյուններից գյուղի վերեւի հատվածում անասուններ են սատկել, նաեւ վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմերը նույնպես վնասվել են։

Քաղաքացիական ենթակառուցվածքներից առաջինը հարվածել են Ջերմուկի ճոպանուղուն։  հետ զրույցում համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը պատմել է, որ առաջին հարվածը եղել է ճոպանուղին փակելուց րոպեներ անց, աշխատողը հրաշքով է փրկվել. «Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երեւի մտածել են, որ սա ռազմավարական, վտանգավոր կառույց է, որովհետեւ ճոպանուղու գագաթից երեւում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»։

2008թ.–ի հունվարի 1–ից գործող ճոպանուղին տարեկան միջինը 25-35 հազար այցելու է ունենում: Նախնական հաշվարկներով, միայն առաջին ենթակայանի մալուխներն ու հենասյուները վերանորոգելու համար անհրաժեշտ է ավելի քան 200 հազար դոլար։ Նշենք, որ Ջերմուկ այցելողների համար պարտադիր այցելելու վայրերն են ճոպանուղին, ջրվեժը եւ հայտնի ըմպելասրահը: Ընդհանուր առմամբ, քաղաքի տարածքում կան 40 տաք, բազմաթիվ միկրոէլեմենտներով հարուստ աղբյուրներ, որոնց ջուրը բուժում է ամենատարբեր հիվանդություններ: Սա է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից քաղաքն ընդունում է բազմաթիվ հյուրերի, որոնք բուժվում են տաք և սառը ջրերով։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու. «Կորցրել ենք բավական շատ հողակտորներ, որոնց մեծ մասն ունեին գյուղատնտեսական մեծ նշանակություն։ Վնասվել են խոտհարքներ։ Խոտհարքներն անասնապահության համար այս պահին դարձել են թիվ մեկ խնդիրը։ Միաժամանակ, այդտեղ անշարժ գույքն է էժանանալու։ Այստեղ է գտնվում նաեւ Ամուլսարի հանքը, որտեղ մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ամերիկյան եւ կանադական ներդրում կատարողները եւ հայկական կողմը պետք է դիմեն բոլոր միջազգային ատյաններին փոխհատուցման պահանջով, եթե ռազմական գործողությունները հետեւանք ունենան նաեւ Ամուլսարի համար»։

Նշենք, որ ադրբեջանական հրետակոծությունից նաեւ հրդեհվել էին Ջերմուկի անտառները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը եւ ապրող կենդանիները՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն, գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկն ունի նաեւ հարուստ էկոհամակարգ՝ կաղնիներ, գիհիներ, սոճիներ, որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակներին:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի հետեւանքով հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Նրա խոսքով` Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա, հակառակորդի որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Նշենք, որ մինչեւ այս ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։