Մենք արդեն 3-4 օր է Երեւանում ենք, Արցախինախագահի գլխավորած պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում, այդ թվում Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Սա արդեն երկրորդ նման հանդիպումն է պատվիրակության ներգրավմամբ: Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Այսօր նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի եւ վարչապետի հետ: Այսինքն կհանդիպենք բոլորի հետ, որոն զբաղված են եւ ներգրավված են բանակցություններում, նաեւ Արցախի ճակատագրով անմիջական մասնակցություն ունեն»,-ասաց նա:


Դավիթ Բաբայանի խոսքով, իրենք եկել են Երեւան շատ անկեղծ քննարկումների համար. «Դուք գիտեք, որ շատ յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, առերեսվում ենք իսկապես գոյաբանական մարտահրավերների: Շատ կարեւոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխան ստանանք, ներկայացնենք մեր տեսակետը, նաեւ տեղեկանանք տարբեր գործընթացների մասին՝ լինի դա բանակցային գործընթաց, լինի խորհրդարանական դիվանագիտություն կամ տարբեր երկկողմ հարաբերությունների հետ առնչվող հարցեր: Այստեղ կարեւոր է, որ միշտ ունենանք կայուն կապ, այդ թվում կառույցների մակարդակով:

Քննարկել ենք շատ ազնիվ ձեւով ամենաբարդ հարցերը: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Անդրադառնալով տեսակետին, որ երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա առնչվում է նաեւ Արցախին, արդյոք այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ եղան, Դավիթ Բաբայանն ասաց. «Պարզաբանումներ եղան եւ դեռ կլինեն, որովհետեւ սա վերջին հանդիպումը չէ: Դեռ ԱԳ նախարարը, վարչապետի ու նախագահի հետ են լինելու հանդիպումներ: Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի եւ ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Այս երկու հանդիպմանը ասվեց, որ ոչ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Հիմա պետք է շատ ճկուն քաղաքականություն վարենք:

Մենք մեր կարծիքը հայտնել ենք. ցանկացած փորձ Արցախը խցկելու Ադրբեջանի կազմ, բերելու է երկու տարբերակի՝ կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության, կամ Արցախի հայաթափման: Սա մեսիջ է ամբողջ աշխարհին: Մենք հիմա դիմում ենք ժողովրդավարական երկրներին: Պրահայում ժողովրդավարության բաիստիոն կոչեցյալներ կան. եւ մենք ասում ենք, եթե ժողովրդավարական հանրությունն է ներգրավվում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ, մեր դիրքորոշւմը շատ պարզ է. եթե այդ ժողովրդավարական աշխարհը մեզ դիտում է որպես Ադրբեջանի մաս, սա կլինի խարան իրենց վրա դաջված, որովհետեւ Արցախի ցեղասպանությունը կլինի նաեւ այդ քաղաքականության արդյունք: Մենք դա բացեիբաց ասում ենք»: