Ռուսաստանցիների տեղափոխումը հետխորհրդային երկրներ՝ Ուկրաինայում հատուկ գործողության եւ մասնակի զորահավաքի ֆոնին, դրական է ազդում ընդունող պետությունների տնտեսությունների վրա, չնայած որոշ ռիսկեր է պարունակում։ Այս մասին գրել է Oxford Economics բրիտանական քոնսալտինգային ընկերության զարգացող շուկաների գծով առաջատար տնտեսագետ Տատյանա Օրլովան իր «Ուղեղների արտահոսքը» Ռուսաստանից օգուտ կբերի նախկին ԽՍՀՄ-ի գծով հարեւաններին» ուսումնասիրությունում, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Տվյալների համաձայն, որոնց հղում է կատարում տնտեսագետը, Ռուսաստանից մեկնածները հիմնականում տեղավորվել են Թուրքիայում, Ղազախստանում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Հետխորհրդային տարածքի երկրների համար (հենց նրանց վրա ազդեցությունն է գնահատել Oxford Economics-ի փորձագետը) ռուսաստանցիների ռելոկացիայից ստացվող էֆեկտն արտահայտվում է դրամական եւ մարդկային կապիտալի ներհոսքով։

Oxford Economics-ի ներկայացրած տվյալներով՝ միայն սեպտեմբերին Ղազախստան է մեկնել մոտ 200 հազար ռուսաստանցի, Վրաստան՝ 70 հազար, Հայաստան՝ 60 հազար։ Ադրբեջանը չի նշել աշնանը եկածների թվի մասին, բայց առանձին դիտարկումներ վկայում են, որ այստեղ եւս ներհոսքն էական է, գրել է Օրլովան։

Հաշվի առնելով այս գնահատականները եւ մարտին մտցված՝ երկրից 10 հազար դոլարից ավելի չհանելու մասին, ռուսաստանցիները սեպտեմբերին կարող էին Ղազախստան, Վրաստան եւ Հայաստան բերել մոտ 3 մլրդ դոլար կանխիկ, հաշվարկել են Oxford Economics-ում։ «Շատ ավելի մեծ գումարներ», հավանաբար, փոխանցվել էին տեղի բանկերի հաշիվներին, քանի որ դրա սահմանաձակում չի եղել, գրել է Օրլովան։ «Ղազախստանում բանկային դեպոզիտներում ռուսաստանցիների միջոցների ծավալն այս տարի ավելացել է ավելի քան չորս անգամ եւ կազմել 1,4 մլրդ դոլար»,- նշել է նա։ Ռուսաստանի Կենտրոնական բանկում տեղեկացրել են, որ բանկային հաշիվներից հանվել է մոտ 500 մլրդ ռուբլի կամ 8 մլրդ դոլար։

Առաջին կիսամյակի տվյալներով (երրորդ եռամսյակի տվյալները դեռ չկան)՝ ընթացիկ հաշվի հաշվեկշիռը բարելավվում է ընտրանքի մեջ հայտնված բոլոր երկրներում, որտեղ տեղակայվել են ռուսաստանցիները՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։ Ածխաջրածիններ արտահանող երկրների համար (Ադրբեջան եւ Ղազախստան) ռուսական կապիտալի ներհոսքը ընթացիկ հաշվի բարելավման լրացուցիչ աղբյուր է, իսկ ներմուծող երկրների համար (Վրաստան, Հայաստան)՝ աջակցող գործոն, նշվել է ուսումնասիրությունում։

Բացի այդ, կապիտալի ներհոսքը թույլ է տվել այս ոչ մեծ տնտեսություններին (Վրաստան, Հայաստան եւ Մոլդովա) այս տարի ավելացնել իրենց արտարժութային պահուստները, ինչը բարձրացնում է նրանց կայունությունն արտաքին ցնցումների հանդեպ։ Մոլդովային դա ավելի լավ է հաջողվել Ուկրաինայից փախստականների եւ ոչ թե Ռուսաստանից եկածների հետ կապված, ճշտել է Օրլովան։

Հետխորհրդային երկրներն առայժմ տնտեսական աճ են ցուցադրում, որը, ինչպես սպասվում է, առաջ կանցնի անգամ ամենահամարձակ կանխատեսումներից, ասել է «Կապիտալի Ռենենսանս»-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի գծով տնտեսագետ Սոֆյա Դոնեցը։ Այդ աճի լրացուցիչ դրայվերներ են դարձել տուրիզմը, ՌԴ-ի հետ առեւտրի ակտիվացումը եւ ամուր ռուբլին, որը թույլ է տալիս երկրներին ավելացնել եկամուտներն արտահանումից եւ աշխատանքային փոխանցումներից։ Հոկտեմբերին Հայաստանի ԿԲ-ն բարելավել է ՀՆԱ աճի կանխատեսումը 2022թ.՝ նախկին 1,6-ից հասցնելով 13 տոկոսի՝ մեծ թվով «տաղանդավոր, լավ կրթված մարդկանց» գալու շնորհիվ։

«Լրացուցիչ եկամուտներ են ստացել այս բոլոր երկրների բյուջեները, դա կապված է տնտեսական ակտիվության աճի, ԱԱՀ-ից եւ այլ հարկերից մուտքերի ավելացման հետ։ Հիմա հարցն այն է, թե ինչպես պետք է տնօրինել այդ «տաք փողերը»։ Առայժմ երկրները պահպանողական մոտեցում են որդեգրել՝ լրացուցիչ եկամուտներն ուղղելով բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, որն ունեն բոլոր երկրները, բացի Ադրբեջանից»,- նշել է Դոնեցը։

Հետխորհրդային երկրների տնտեսությունների վրա ռուսաստանցիերի ներհոսքի դրական ազդեցության գնահատականները, սակայն, խիստ չափազանցված են, նշել է «Տնտեսության բարձրագույն դպրոց» Ազգային գիտահետազոտական համալսարանի դոցենտ Անդրեյ Սուզդալցեւը։ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներին բնորոշ աշխատատեղերի դեֆիցիտը՝ ռուսաստանցիները հազիվ թե մնան այնտեղ։ «Այժմ ռուսաստանցիներն աջակցություն են ցուցաբերում ընդունող երկրների տնտեսություններին իրենց փողերով, բայց ծախսելու հնարավորություններն անվերջ չեն։ Միգրանտների ներհոսքի բոլոր արդյունքները, թե՛ դրական, թե՛ բացասական, կարճաժամկետ կլինեն»,- համոզված է նա։

Տեղի բնակիչների դժգոհության մեկ այլ առիթ է կյանքի արժեքի թանկացումը, ներառյալ բնակվարձի գների զգալի բարձրացումը՝ բարձր պահանջարկի ֆոնին։ Հոկտեմբերի սկզբին Ուզբեկստանի արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ վարձատուները տեղի վարձակալներին հանում են՝ հօգուտ օտարերկրացիների եւ բարձրացնում են գները։

«Ռուսաստանցի միգրանտների ընդունած երկրների իշխանությունները պետք է ճիշտ ռազմավարություն ընտրեն, որպեսզի առավելագույն օգուտ ունենան դրամական եւ մարդկային կապիտալի ներհոսքից»,- ասել է Օրլովան։ Այդ երկրներում աճում են գնաճային սպասումները, փաստել է Դոնեցը։ Դրանց իջեցմանը նպաստում է կարեւոր տոկոսադրույքների բարձրացումը, ինչը վերջերս արվել է Ղազախստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում։

Հիմնական ռիսկը, սակայն, մնում է մարդկանց արտահոսքը կամ այլ երկրներ տեղափոխվելը։ «Ցանկացած բումի՝ բռնկման խնդիրը հաջորդող սառեցումն է։ Համենայն դեպս, մենք սպասում ենք, որ եկող տարի միգրանտների լրացուցիչ ներհոսքն արդեն այսքան ակտիվ չի լինի, իսկ ազգային արժույթներն իրենց ավելի թույլ կզգան»,- նախազգուշացրել է նա։