ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Այդ թիվն առանձին տարիներին՝ տարածաշրջանում առկա հակամարտություններով պայմանավորված աճում է։ Այսպես՝ սիրիական ճգնաժամի հետևանքով 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։ Ակնհայտ է աճի միտումը նաև 2022թ.-ին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ 2022թ. առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։


ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է, քանի որ այդ անձինք փախստական ճանաչվելուց հետո հնարավորություն չունեն ինքնուրույն լուծել իրենց կացարանի հարցը, նրանց անհրաժեշտ է որոշակի ժամանակ հայոց լեզուն սովորելու և աշխատանք գտնելու համար, որից հետ միայն նրանք կարող են քայլեր ձեռնարկել կացարանի ձեռք բերման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի սպասարկման ենթակա սոցիալական տներում նրանց ժամանակավոր կացարան տրամադրելու միջոցով։ Սոցիալական տներում իրատեսական է բնակեցնել նշված 150 անձանց մեկ երրորդին, իսկ մնացած 100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով ապահովումը հնարավոր է իրականացնել բնակարանի վարձակալության փոխհատուցման միջոցով:

Ծրագրի նպատակն է, ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված՝ ժամանակավոր կացարանի սուր խնդիր ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց Սոցիալական տներում բնակեցնելու անհնարինության դեպքում, բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ճանապարհով, նպաստել այդ անձանց բնակարանային հիմնախնդրի լուծմանը։

Կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց ինտեգրման միջոցով ապահովելով հասարակության համերաշխությունն ու կայունությունը և խուսափելով մարգինալ խավերի առաջացումից: