Սամարղանդում թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթաժողովում իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական մեղադրանքներն ու սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ամբողջությամբ հերքել է ռազմական ագրեսիայի բոլոր մեղադրանքները։

«Չնայած երկու տարի առաջ ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին, եւ Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել պատասխան գործողություն ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը»,-ասել է նա։


Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանն է հրաժարվել թույլ տալ մոնիթորինգային խումբ տեղակայել՝ ակնհայտորեն հասկանալով, որ թաքցնելու բան ունի։

Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին «դիրքեր են զբաղեցնում հայրենի հողում»։ Այսպիսով, Ադրբեջանի նախագահը հաստատել է, որ մտադիր չէ լքել Հայաստանի գրավյալ ինքնիշխան տարածքները։ Միաժամանակ, Ալիեւը հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումների ժամանակ համատեղ հայտարարություններում ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ»,-նշել է նա՝ շրջանցելով այն հարցը, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն առաջին հերթին պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել Հայաստանի Վայոց ձորից, Գեղարքունիքից եւ Սյունիքից:

Այնուհետեւ Ալիեւը գագաթաժողովի մասնակիցներին հայտնել է «լայնամասշտաբ աշխատանքի» մասին՝ ուղղված նախկին հարկադիր տեղահանվածներին վերադարձնելուն։ Այսպիսով, Ալիեւը հաստատել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումը, քանի որ հայտարարության 7-րդ կետում ասվում է, որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ՄԱԿ ՓԳՀ - ին նույնիսկ մոտ չեն թողնում։ Ում կողմից են բնակեցվում տարածքները, միայն Ալիեւին է հայտնի։

Ալիեւն առիթը բաց չի թողել՝ շնորհակալություն հայտնելու թուրք գործընկերոջը, ինչպես նաեւ Ուզբեկստանի եւ Ղազախստանի նախագահներին։ Վերջինս Հայաստանի հետ ֆորմալ առումով մեկ ռազմական դաշինքի անդամ է, բայց կարծես Ղազախստանի իշխանությունները քիչ են մտահոգված նման հակասությամբ։ Այնուհետեւ Ալիեւը բողոքել է, որ Հայաստաի չի ցանկանում «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ակտիվորեն առաջ է քաշում Զանգեզուրի միջանցքի ստեղծման թեման եւ լայնամասշտաբ գործունեություն ծավալում իր տարածքում միջանցքի հետ կապված։ Զանգեզուրի միջանցքի բացումից կօգտվեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշել է նա։

Բացի այդ, նա Հայաստանին մեղադրել է «սեպտեմբերյան սադրանքի» մեջ, որի արդյունքում «Ադրբեջանի զինված ուժերը ստիպված եղան վճռական քայլեր ձեռնարկել»։ «Հայաստանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ Ադրբեջանին մեղադրելով ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք այդ անհիմն պնդումները։ Մենք կռվել ենք մեր հողերում եւ մենք ջախջախել ենք հայկական բանակը եւ վտարել այն մեր նախնիների հողերից»,-եզրափակել է Ալիեւը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքն են հարյուրավոր զոհերը, հարյուրավոր վիրավորները, տասնյակ գերիներն ու անհայտ կորածները, օկուպացված տարածքները։ Ինչպես նախկինում, ադրբեջանցի զինվորականներն այս անգամ եւս «աչքի ընկան» գերիների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներով։