Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանը Լաչինի միջանցքով՝ պահանջելով «միջանցք» տրամադրել Սյունիքի մարզով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, վկայակոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Հայաստանից պահանջում է «միջանցք»՝ պնդելով, որ ճանապարհի կարգավիճակը պետք է նման լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ։ Քանի որ ակնհայտ է, որ հայտարարությունում ոչ մի հիշատակում չկա Հայաստանով անցնող «միջանցքի» մասին, Ադրբեջանի տարբեր տեսակի պաշտոնյաները սկսել են հավակնություններ ներկայացնել Հայաստանին, թե, իբր, Լաչինի միջանցքը օգտագործվում է «ոչ ըստ նշանակության»։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նման «հարձակումներով» հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկական զտման համար։


Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը չուշացավ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները Լաչինի միջանցքը փակելու Բաքվի պլանների մասին գնահատել է որպես տարածաշրջանում լարվածության միտումնավոր սրման փորձ եւ նորից մեղադրել է հայկական կողմին այդ ճանապարհը անօրինական ռազմական գործունեության համար օգտագործելու մեջ։

«Հայկական կողմը, խախտելով պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարության իններորդ կետով, ձգձգում է հաղորդակցությունների բացման գործընթացը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Ադրբեջանն, իր հերթին, Լաչինի նոր ճանապարհը կառուցելով, հստակ կատարում է իր պարտավորությունները։ Այս դեպքում Հայաստանի վարչապետի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը, ոչ այլ ինչ են, եթե ոչ տարածաշրջանում իրավիճակը սրելու միտումնավոր փորձ»,- նշվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանությունում, որը հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ եռակողմ հայտարարությամբ Բաքուն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժի անվտանգության երաշխիքներ է տալիս երկու ուղղությամբ՝ միայն Լաչինի ճանապարհով, իսկ «այդ ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելը անթույլատրելի է»։ «Ինչպես ընդունում են նաեւ Հայաստանի պաշտոնատար անձինք, հայկական զինված կազմավորումները լիովին դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից, ադրբեջանական տարածք են ուղարկվում նաեւ ականներ, որոնք արտադրվել են Հայաստանում 2021թ.։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ եռակողմ հայտարարության վեցերորդ կետի՝ հայկական կողմը շարունակում է Լաչինի ճանապարհն անօրնական ռազմական գործունեության համար օգտագործելու չարաշահումները»,- նշվել է մեկնաբանությունում։