ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում Բայդենի վարչակազմի կողմից առաջադրված Քրիստինա Քվինի թեկնածությունը հաստատելու համար:

Նախագահ Ջո Բայդենը Քվինի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար այս տարվա հուլիսին է առաջադրել։ Հաստատվելու դեպքում նա կփոխարինի դեսպան Լին Թրեյսիին, որի թեկնածությունը քննարկվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար։


Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը նշել է, որ Քրիստինա Քվինը Հայաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվում երկրի համար դժվար պահին։ «Մենք տեսել ենք վերջին հարձակումները Ադրբեջանի կողմից, տեսագրություններ, որոնք ենթադրաբար պատերազմական հանցագործություններ են, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքով առաջացած երկարամյա հումանիտար ճգնաժամը»,- ասել է Մենենդեսը: Նա նշել է, որ «անհավանական հիասթափված է» Պետքարտուղարության պատասխաններից նոյեմբերի 16-ի լսումների ժամանակ եւ, դիմելով Քվինին, ասել է, թե նա պատասպանատու կլինի այն բանի համար, որ «ամերիկացի ժողովուրդը չնայի ուրիշ կողմ, երբ մենք Հայաստանի դեմ մարդու իրավունքների, խախտումների եւ վայրագությունների մասին տեղեկատվություն ենք բացահայտում»:

Իր խոսքում Հայաստանում ԱՄՆ նշանակված դեսպանը ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը անհրաժեշտ է Հայաստանի եւ Հարավային Կովկասի ավելի անվտանգ եւ բարգավաճ ապագայի համար:

«Միացյալ Նահանգներն աշխատում է երկկողմ եւ բազմակողմ ուղիներով, որպեսզի օգնի կողմերին հասնել հակամարտության խաղաղ, ամուր կարգավորման՝ բանակցությունների միջոցով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Հաստատվելու դեպքում ես կաջակցեմ այս նպատակին հասնելու վարչակազմի հանձնառությանը»,- ասել է նա։

«Ես մեծացել եմ Ֆրեզնոյում, Կալիֆոռնիա նահանգում, որն ունի ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Հայկական ծագումով իմ ուսուցիչներն ու ընկերները խոսում էին օսմանյան ժամանակաշրջանի ցեղասպանության մասին, որը ստիպել է նրանց ընտանիքներից շատերին նոր տուն փնտրել Ամերիկայում: Ինչպես նախագահ Բայդենն ասաց այս տարի, «եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ ստեղծելու եւ կառուցելու ավելի լավ եւ ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաների համար»: Ես հաստատեցի, որ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու եւ Հայաստանի խաղաղ ապագային աջակցելու համար»,- նշել է նա։

«Այդ նպատակով ես կանեմ ամեն ինչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունների կարգավորման համար, որոնք մի քանի քայլ առաջ են գնացել»,- ասել է նա։