Չեմ թաքցնի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ քննարկում եղել է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, որ ի թիվս ընդդիմադիր այլ պատգամավորների, ինքը ևս որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը։

«Նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։


Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ «Վերածնվող Հայաստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ապա հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է դադարեցնում գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում. կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: