Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց: Ըստ նրանց՝ պատճառը եղել է մերկասառույցը:

yn.am կապ հաստատեց Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի հետ հասկանալու համար, թե այժմ ինչ այդ ճանապարհահատվածում եւ ինչու են մեքենաները հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս:


Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնեցին, որ վթարի պատճառը մերկասառույցը չի եղել: Դեպքի վայրից դուրս է բերվել 2 մեքենա, եւս 2 մեքենա դուրս է եկել ինքնուրույն։

«Ճանապարհը սպասարկում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, որն իրականացրել է նշված ճանապարհահատվածի շինարարությունը։ Ընկերությունը մասնակցել է մեքենաների դուրսբերման աշխատանքներին։ Նկատենք, որ նշված հատվածում տեղումներ չեն արձանագրվել, ճանապարհին եղել է խիտ մառախուղ։ Ճանապարհին կայանած է եղել անսարք բեռնատար, որին բախվել է ամառային մաշված անվադողերով բարձր արագությամբ ընթացող մարդատար մեքենան՝ դառնալով այլ մեքենաների վթարի պատճառ նույնպես»։

Նշենք, որ հինգ քաղաքացի հոսպիտալացվել է: