Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված խիստ մտահոգության մասին և կոչ է արել թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով», – փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: