Եգիպտոսի հյուսիս-արեւելքում գտնվող Շարքիա նահանգի մի քանի շրջաններում կիրակի գիշեր ձյուն է եկել, գրել է տեղի Ad Dustour թերթը։

Թերթի տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ առաջ Շարքիայի բնակավայրերում ճանապարհները եւ շենքերի տանիքները պատվել էին թաց ձյան բարակ շերտով։ Թերթը հրապարակել է 10-րդ Ռամադան քաղաքի բնակիչների լուսանկարներ. քաղաքի գրեթե բոլոր փողոցները եւ հրապարակները պատված են ձյունով, իսկ մայրուղիները՝ սառցաշերտով։


Կահիրեի իշխանությունները հորդառատ անձրեւներից հետո արտակարգ ռեժիմ են մտցրել քաղաքի ճանապարհային եւ կոմունալ ծառայությունների համար։ Նահանգապետ Հալեդ Աբդել Ալայի կարգադրությամբ բնակարանային-կոմունալ տնտեսությունների համակարգի բոլոր աշխատակիցները շուրջօրյա աշխատում են, անընդհատ կապ է պահպանվում օդերեւութաբանական վարչության հետ, հերթապահում են վթարային բրիգադները։ Կահիրեի շատ փողոցներ փակ են ջրի կուտակումների պատճառով, ժամանակավորապես փակ են թունելները, սահմանափակվել է տրանսպորտի երթեւեկը Նեղոս գետի կամուրջներով։

Այս միջոցները նախաձեռնվել են Եգիպտոսի կենտրոնական եւ հյուսիսային մասերում օդի ջերմաստիճանի կտրուկ անկումից եւ Միջերկրածովյան հզոր ամպրոպային ճակատի գրոհից հետո։ Ջերմաստիճանը գիշերային ժամերին իջնում է առնվազն 10 աստիճանով, ինչը հատկապես տագնապեցնող է ինչպես Կահիրեի, այնպես էլ եգիպտական նահանգների քաղաքների բնակելի տների մեծ մասում կենտրոնական ջեռուցման բացակայության պայմաններում։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ սառը եւ անձրեւային եղանակը կշարունակվի եւս մի քանի օր։