Ես չեմ, որ զորամասի հրդեհի դեպքով պետք է հաշվետու լինեմ, որովհետեւ վարույթը նախաձեռնվել է եւ քննվում է Զինվորական դատախազությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:

«Մեր մասով էլ գործեր կան, դրա համար ենք դեպքի վայրում: Ես մարզի դատախազն եմ, բայց սույն վարույթն ինձ չի առնչվում, հետեւաբար ես չէ, որ պետք է դեպքով բացատրություններ տամ կամ հանրությանը ինչ-որ մանրամասներ ներկայացնեմ»,- ասաց դատախազ:


Երիցյանի խոսքով՝ մարզի տարածքում դեպքի հետ կապված այլ հանգամանքներ էլ կան. «Դրա համար ես այստեղ եմ, իսկ թե ինչ, դա թող մնա հետագայում:Այլ իրողություններ ի հայտ չեն եղել, դեպքի հետ է կապված, որը հնարավոր է՝ նաեւ իմ մասով առնչվի, այսինքն՝ ոչ զինվորական»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։