ԱՄՆ ռազմարդյունաբերական բազան պատրաստ չէ Թայվանի նեղուցում Չինաստանի հետ երկարատեւ պատերազմի։ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) պարզել է, որ որոշ ռազմամթերքներ, ինչպիսին է մեծ հեռահարության բարձր ճշգրտության զինամթերքը, կսպառվեն Թայվանի նեղուցում հակամարտության մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում, գրում է The Wall Street Journal-ը։

Զեկույցում ասվում է, որ զինամթերքի անբավարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ պաշտպանական-արդյունաբերական բազան չունի մեծ պատերազմի հնարավորություններ, քանի որ Չինաստանը շարունակում է ԱՄՆ-ից վեց անգամ ավելի արագ ներդրումներ կատարել ռազմամթերքի եւ սպառազինության համակարգերում:


CSIS-ը նշում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնությունը հանգեցրել է սպառազինությունների պաշարների սպառման, ինչպիսիք են Stinger զենիթահրթիռային համակարգերը, 155 միլիմետրանոց հաուբիցներն ու զինամթերքը, Javelin հակատանկային հրթիռային համակարգերը: Ըստ CSIS-ի՝ 2022 թվականի օգոստոսի դրությամբ Ուկրաինա առաքված Javelins-ի քանակը ներկայացնում է արտադրության յոթ տարի՝ ելնելով 2022 ֆինանսական տարվա տվյալներից, իսկ Ուկրաինա առաքված Stingers-ների թիվը մոտավորապես հավասար է 20 տարվա արտադրության:

CSIS-ը նշում է, որ ԱՄՆ ռազմական աջակցությունը հնարավորություն է տվել ուկրաինացիներին «զսպել ռուսական ագրեսիան» եւ ցույց է տալիս, որ խոշոր տերությունների միջեւ հակամարտությունը կարող է երկարաձգվել եւ արդյունաբերական դառնալ, եթե զսպումը ձախողվի: CSIS զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ը դանդաղ համալրում է զենքի իր պաշարները, եւ, հավանաբար, տարիներ կպահանջվեն, որպեսզի պաշտպանական արդյունաբերական բազան արտադրի եւ մատակարարի սպառված կրիտիկական կարեւոր սպառազինությունների համակարգերը:

CSIS-ը երկկուսակցական հետազոտական կազմակերպություն է՝ հիմնված Կոլումբիայի շրջանում, որը մասնագիտացած է ազգային անվտանգության հարցերում: Վերլուծական կենտրոնն ընդհանուր առմամբ կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ չի զբաղեցնում։