ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ–ի ու ԱՄԷ–ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի թիվ 24-Ա որոշմամբ համաձայնություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո, սակայն, գործընթացը կանգ էր առել:

Այժմ գործընթացը վերսկսվել է և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին ստորագրվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։

Ելնելով վերոգրյալից և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրումը։