«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում եւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը  նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը:


Ես խնդրել եմ, որ մինչեւ ամսի 1-ը մարդկանց ձեռք չտան, ամսի 1-ից կհայտարարեմ, որ տոնավաճառը փակվում է: Ամեն ինչ քյասիբի գլխին է գալիս, իրենք վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու: Նրանք օրական 2 հազար դրամ են վճարում»,-ասել էր նա:

Տոնավաճառի աշխատողը եւս անակնկալի էին եկել այս որոշումից. «Մեզ հանկարծակիի են բերել, այսպես չի կարելի: 30 տարի էստեղ աշխատում ենք: Իսկ փակելուց առաջ այլընտրանք առաջարկե՞լ են, չեն առաջարկել: Չեմ պատկերացնում՝ ինչ եմ անելու, ապրանքը տեղափոխելու տեղ չունեմ: Այսքան ապրանքը ի՞նչ եմ անելու, բավական մեծ գումարներ ենք ներդրվել: Եթե կա այլընտրանք, թող կառավարությունն առաջարկի, մեզ էլ ժամանակ տա հարմարվելու»,-ասել էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը: