Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Քլեր Լեժանդրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համաձայնությամբ է զանգում։ Նրա խոսքով, քանի դեռ Մոսկվան ցանկություն չի հայտնել բանակցություններ սկսել Կիեւի հետ, գրում է «Կոմերսանտը»:

RTVI-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը բացատրել է, որ Ֆրանսիան ուզում է պահպանել Ռուսաստանի հետ հաղորդակցության ալիքը։


«Նախագահը պարբերաբար խոսում է նախագահ Զելենսկու հետ, եւ այս համաձայնացումն իրականում պարբերաբար է կատարվում»,- ասել է Լեժանդրը։

Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չկա։ «Անդամակցություն ՆԱՏՕ-ին. դուք գիտեք, որ այսօր այդ հարցն օրակարգում չկա։ Հիմա պատերազմ է»,- ասել է Անն-Քլեր Լեժանդրը։ Նա հիշեցրել է, որ Հելսինկյան համաձայնագրի սկզբունքները երաշխավորում են իր դաշնակիցներին ընտրելու յուրաքանչյուր պետության ազատությունը։

2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին արագացված հիմունքներով միանալու հայտ էր ներկայացրել։ Blomberg-ը նոյեմբերին գրել էր, որ Ուկրաինայի դաշնակիցները զգուշավորությամբ են վերաբերվել նրա հայտին, քանի որ «դաշինքի հավաքական պաշտպանության պարտավորությունները կարող են նրանց ուղղակի հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանի հետ»: Մակրոնն ասել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է որպես թշնամական ժեստ ընկալվել Ռուսաստանի կողմից։