Այն, որ Թուրքիան Արեւմուտքի «կենսական կարեւորություն ունեցող ռազմավարական դաշնակիցն» է, ճշմարտություն է, որի վրա դաստիարակված են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ Բայց ինչ կլինի, եթե այն այլեւս չի գործում: Ինչ կլինի, եթե Թուրքիայի առաջնորդը՝ օգտագործելով այս պատկերացումը, գործընկերության պատրվակով դավաճանի Արեւմուտքի շահերին։ Պետք չէ՞ արդյոք այդ առաջնորդին վերաբերվել որպես խոչընդոտի, սպառնալիքի։ The Observer պարբերականի համար իր հոդվածում նման կասկածներ է հայտնել Սայմոն Թիսդոլը։

«Աշխարհագրությունը չի փոխվում։ Թուրքիան զգալի ազդեցություն ունի Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի խաչմերուկում։ Այնուամենայնիվ, ավելի ու ավելի ագրեսիվ, ավտորիտար եւ պառակտիչ քաղաքականությունը, որն իրականացվում էր երկրի ներսում եւ արտերկրում երկու տասնամյակ նրա խոլերիկ սուլթան նախագահի կողմից, փոխեց վաղեմի պատկերացումները: Թուրքիայի՝ որպես արեւմտյան դաշնակցի հուսալիությունն ու օգտակարությունը գրեթե ավարտվել է»,-գրում է Թիսդոլը։


Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի փորձի արգելափակումը թշնամական վարքի վերջին աղաղակող օրինակն է։ Նա պնդում է, որ Ստոկհոլմը թաքցնում է քրդական PKK խմբավորման «ահաբեկիչներին», նշվում է հոդվածում։

«Ճշմարտությունն այն է, որ նրա վետոն բխում է իր վաղեմի հակաքրդական վենդետայից, որը ներառում է ընտրություններից առաջ քրդերի կողմից աջակցվող հիմնական ընդդիմության՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն փակման իրավական քայլերը: ՆԱՏՕ-ի շուրջ սկանդալն այժմ սպառնում է բռնկվել Ղուրանի այրումների, դիվանագիտական բողոքների եւ դաժան պատասխան գործողությունների ֆոնին:

Էրդողանը նաեւ պահանջում է Շվեդիայից արտահանձնել քաղաքական փախստականներին, մասնավորապես ՝ Բյուլենթ Քենեշին ՝ Today Zaman թերթի նախկին գլխավոր խմբագրին, որին նա մեղադրում է 2016 թվականին ձախողված պետական հեղաշրջմանը աջակցելու մեջ։

ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության օգտագործումը ներքաղաքական նպատակներով Էրդողանի բնորոշ գամբիտն է։ Այնուամենայնիվ, դա նաեւ միտումնավոր խոչընդոտում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի օրինական ցանկությանը՝ ամրապնդել իր պաշտպանությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո՝ միաժամանակ խաթարելով ՆԱՏՕ-ի ջանքերը՝ ցույց տալու միասնությունն ու վճռականությունը: Սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը նախապատվությունը տալիս է Մոսկվային ՆԱՏՕ-ի իր գործընկերների նկատմամբ»,-գրում է Թիսդոլը։

Էրդողանը մերժում Է Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցները եւ շրջանցում դրանք, ընդգծում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի առեւտուրը պատերազմի սկսվելուց հետո վեց ամսվա ընթացքում աճել է գրեթե 200 տոկոսով, ներառյալ էներգակիրների ներմուծման ավելացումը, նշում է հոդվածի հեղինակը։

«Ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռային համալիրների գնումը զայրացրել է Վաշինգտոնին, որը դրանք դիտարկում է որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի ուժերի համար։ Ուկրաինայի հարցով նրա միջնորդի դիրքորոշումն օգնում է Պուտինին պահպանել այն տեսանելիությունը, որ նա հետաքրքրված է խաղաղությամբ։

Հյուսիսային Սիրիա հերթական զինված ներխուժումը սկսելու Էրդողանի ծրագրերը հակասում են Բաշար Ասադի դեմ հանդես եկող, դեմոկրատական ընդդիմությանն աջակցելու եւ իսլամիստական ահաբեկչությունը ճնշելու ԱՄՆ ջանքերին: Իրականում սիրիական եւ իրաքյան սահմանային շրջանների ապակայունացնող ներխուժումներն ու օկուպացիան քրդերի հետ Էրդողանի մոլուցքային պատերազմի եւս մեկ շարունակությունն է։ Նրա ենթադրյալ մերձեցումը Դամասկոսի հետ էլ ավելի է խարխլում արեւմտյան անվտանգության քաղաքականությունը։

Եթե Պուտինի մասին Էրդողանի նողկալի շաղակրատությունը, Ուկրաինայի հանդեպ երկերեսանիությունը, նեոօսմանական չափազանցությունները եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի նկատմամբ ժամանակավոր ագրեսիան բավարար ապացույցներ չեն ոչ բարյացակամության մասին, ապա դիտարկենք նրա մյուս պատերազմը՝ իր երկրում ժողովրդավարության դեմ։ Բացի մարդու իրավունքների խախտումներից՝ Էրդողանը հսկայական անկարգություններ է կազմակերպել Թուրքիայի տնտեսության մեջ։ Ինֆլյացիան կազմում է 58 տոկոս, կենսամակարդակը կտրուկ նվազում է։ 18-25 տարեկան մարդկանց ավելի քան 70 տոկոսն ասում է, որ նախընտրում է ապրել այլ վայրում»,-գրում է The Observer-ը:

Գերզգույշ, ռիսկի չգնացող Բայդենը եւ Սթոլթենբերգը պետք է հրաժարվեն հին, վարկաբեկված մտածելակերպից: Նրանք պետք է հիշեցնեն Էրդողանին, որ ՆԱՏՕ-ն արժեքների, ինչպես նաեւ կանոնների համայնք է, պետք է ողջունեն Շվեդիային եւ Ֆինլանդիային դաշինքում՝ բոլոր 30 անդամների քվեարկության ճանապարհով, եւ կասեցնեն Թուրքիայի անդամակցությունը, անհրաժեշտության դեպքում, Հյուսիսատլանտյան պայմանագրում փոփոխություններ կատարելու միջոցով:

Թուրքիան գտնվում է խիստ տարածաշրջանում։ Ոչ ոք այդ տարածաշրջանի առաջնորդներից չի ակնկալում խաղաղություն եւ սեր։ Եվ նա կարող էր արժեքավոր դաշնակից լինել: Բայց Թուրքիան անփոխարինելի չէ։ Եթե հարկ լինի, արեւմտյան ժողովրդավարությունները կարող են հանգիստ ապրել նաեւ առանց նրա, մինչեւ գա այն երջանիկ օրը, երբ Անկարայի փնթփնթան սուլթանը վերջապես վնասազերծվի, եզրափակում է հոդվածագիրը։