Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։

Մայր Աթոռից  հայտնում են, որ Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։

Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծեց Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորեց կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։