Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը և ընթանան համապարփակ և տևական խաղաղության ուղով: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանին ուղղված մեր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել, նորից կանգնել համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա: Մենք զբաղվել ենք այդ ջանքերով. մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպես Միացյալ Նահանգներ, ուղղակիորեն կողմերի հետ, ինչպես նաև հաստատությունների և խմբերի հետ բազմակողմ ձևաչափի միջոցով, օգնի այդ գործն առաջ մղել: Հուսով ենք, որ այլ երկրներ ճիշտ նույն ուղերձը կհղեն, բայց ես չեմ կարող մեկնաբանել այն ուղերձները, որոնք հղում են այլ երկրներ»,- ասել է Փրայսը:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին և երկրաշարժից հետո Հայաստանի ցուցաբերած մարդասիրական օգնությանը՝ Փրայսը ողջունել է երկրաշարժից հետո Թուրքիային և Սիրիային աշխարհի տարբեր երկրներից օգնության ցուցաբերումը: