Միջազգային հարաբերություններն այսօր բարդ են։ Երկբեւեռ համակարգի փլուզումից հետո դրանք ավելի լավը չեն դարձել, ընդհակառակը, նույնիսկ ավելի սուր բնույթ են ստացել։ Այս առումով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցությունը միջազգային ասպարեզում շատ կարեւոր է միջազգային իրավիճակի կայունացման համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ՉԺՀ-ի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


ՌԴ նախագահի խոսքով, ռուս-չինական հարաբերությունները զարգանում են այնպես, ինչպես ծրագրված էր նախորդ տարիներին. ամեն ինչ զարգանում է եւ նոր առաջընթացներ են գրանցվում։

«Առաջին հերթին, իհարկե, խոսքը տնտեսական խնդիրների մասին է։ Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել մինչեւ 2024 թվականը հասնել 200 միլիարդ դոլարի։ Անցյալ տարի այն արդեն 185 միլիարդ էր։ Բոլոր հիմքերը կան համարելու, որ մենք ապրանքաշրջանառության ոլորտում կհասնենք մեր նպատակներին, գուցե նույնիսկ ավելի վաղ, քան ծրագրում էինք. ապրանքաշրջանառությունն ավելանում է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։