Մենք հստակ հասկանում ենք, թե ինչ է մեզ հետ ուզում անել հարեւանը։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ մեկնաբանելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի մտադրությունները։

«Վերաինտեգրման գործընթացը, որը նա հայտարարել է, եւ որը նա չի թաքցնում, շատ հստակ ձեւակերպվել է, եւ նրանք շատ կոշտ փորձում են դա անել։ Մենք կարողացանք միասին որոշել այն կարմիր գծերը, որոնք անթույլատրելի են արցախցիների համար, եւ դա շատ կարեւոր է։ Երկրորդ, մենք շատ հստակ բացատրեցինք, թե ինչ է նշանակում պայքարել, որ պայքարել չի նշանակում վազել ինքնաձիգով եւ կրակել, այլ ամեն օր փոխել տնտեսական, սոցիալական իրավիճակը, ազնիվ լինել ժողովրդի հետ եւ շատ այլ բազային բաներ, որոնք չնչին են թվում, մենք սկսել ենք դրանց մասին ոչ միայն խոսել, այլեւ անել»,-նշել է Ռուբեն Վարդանյանը։


Որպես օրինակ նա նշել է ֆինանսների թափանցիկ համակարգը, կառավարման թափանցիկ համակարգը, որոշումների ընդունման թափանցիկությունը, տարբեր բարիքների հասանելիության արդարությունը։

«Այսինքն՝ դրանք այն հիմքերն են, որոնք մենք դրել ենք այս 100 օրվա ընթացքում։ Ես վստահ եմ, որ մեր զարգացումները կարող են օգտակար լինել կամ կարող են մերժվել: Դա արդեն երկրի ղեկավարի գործն է»,-նշել է նա։