Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա մեր խոսակցությունը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Արցախի եռակողմ հանդիպումից հետո Բաքուն սկսել է խոսել ինտեգրացիայի մասին, եւ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն կողմ է այդ ինտեգրացիային, եւ ինչպիսի՞ն է ՌԴ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

«Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բարձրաձայնել, մանավանդ, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը»,- ասաց Փաշինյանը:


Անդրադառնալով երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցին, Փաշինյանն ասաց, որ ինքը փոխանցել է իր ունեցած տեղեկատվությունը եւ տպավորությունները, նաեւ ընդգծել է, որ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում.

«Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարեւոր խնդիրը այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, եւ ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»: