ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է CNN-ը: Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթթենի քրեական դատարանի շենքի մոտ:

Թրամփը, խոսելով դատական գործընթացի մասին, հայտարարել է` «չի հավատում, որ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայում»:

Մարտի 30-ին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին՝ մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղ Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով:

Դատախազների պնդմամբ՝ Դենիելսը ստացել է առնվազն 130 հազար դոլար, որն իրականում նախատեսված էր Թրամփի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Սա համարվում է քրեական հանցագործություն, որի համար Նյու Յորքի օրենսդրությամբ սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Թրամփը հայտարարում է իր անմեղության և նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից քաղաքական հետապնդման մասին: