Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հայտնում են կառավարությունից:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 20-ի առավոտյան: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի:

Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ այն բավականին մեծ հետաքրքրվածություն ունի դպրոցականների շրջանում:

Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: