Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյրնսի օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է երկնաքարը պայթում երկնքում՝ վառ կանաչ լույսով լուսավորելով գիշերային երկինքը։

Ինչպես տեղեկացնում է News.com.au-ն, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ երեկոյան ժամը 21.22-ին, նկատվել է մի շարք բնակավայրերից։

Guardian-ի փոխանցմամբ՝ Քերնսից մոտ 500 կմ դեպի արևմուտք գտնվող Կրոյդոն փոքրիկ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ իրենք նույնպես լսել են ահռելի պայթյունի ձայնը։

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղաֆիզիկոս դոկտոր Բրեդ Թակերը Guardian Australia-ին ասել է, որ երկնաքարը, հավանաբար, 0,5-ից 1 մետր չափեր է ունեցել և համարվում է փոքր։ Այն, հավանաբար, սլացել է մինչև 150,000 կմ/ժ արագությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 13-ի գիշերը Լա Մանշի ուղղությամբ պայթել էր ժամեր առաջ հայտնաբերված երկնաքարը, որի մասերն ընկել էին Լա Մանշի նեղուցը։ Թեև երկնաքարը փոքր էր, այն, այնուամենայնիվ, կարող էր վնասել շենքերը կամ մարդկանց, եթե ընկներ խիտ բնակեցված որևէ վայր։ Գիտնականները համարում են, որ մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում 100-140 մետրից ավելի տրամագիծ ունեցող երկնաքարերը։

Նույնիսկ փոքր չափերի երկնաքարերը, սակայն, Երկիր հասնելու դեպքում ավերածությունների պատճառ կարող են դառնալ և հենց այսպիսի սցենարները կանխելու համար գիտնականները մշտապես ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի նման դեպքերում կարողանան ժամանակին զգուշացնել հնարավոր վտանգի մասին։

Բայցևայնպես, կան, այսպես կոչված, պոտենցիալ մոլորակասպան աստերոիդներ, որոնք դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք «թաքնվում են» Արեգակի լույսի ներքո և աստղադիտակները չեն կարողանում ֆիքսել դրանք։ Նման մի աստերոիդ (2022 AP7) հայտնաբերվել էր 2022-ի նոյեմբերին։