2023 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ գրանցված նիշից նվազել է 25 սանտիմետրով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հիդրոօդերևութաբանություն և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

2023 թվականի մայիսի վերջերից մինչ հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 46 միլիոն 264 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2023 թվականի հունվարից մինչև հունիսի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 137 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Հայաստանյան 4 ջրամբարներում էլ ջրի քանակը ավելի քիչ է, քան նախորդ տարի: Այսպես, Ախուրյանի ջրամբարում 2022-ի հունիսի 16-ին ջրի ծավալը եղել է 391 մլն խմ, իսկ այս տարի՝ 226 մլն խմ: Ապրանի ջրամբարում ջրի ծավալը 2022-ին եղել է 48,9 մլն խմ, իսկ այս տարի՝ 26,8 մլն խմ:

Ազատի ջրամբարում նախորդ տարի ջրի ծավալը եղել է 59,6 մլն խմ, այս տարի՝ 42,8 մլն խմ: Եվ վերջապես, Մարմարիկի ջրամբարում նախորդ տարի այս օրը ջրի ծավալը եղել է 15,8 մլն խմ, այս տարի՝ 7,66 մլն խմ: