2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր՝ 2018 թվականին արած մի հայտարարություն, որ ԼՂ հարցի բանակցությունները սկսում է իր սեփական կետից:

«Այդ հարցի ամփոփ պատասխանը հետևյալն է. 2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու հնարավոր տարբերակ կար։ Առաջին տարբերակ․ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։

Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանն ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։

Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»:

Փաշինյանը նշեց, որ իր իշխանության օրոք ոչ մի նոր փաստաթուղթ չի ներկայացվել. «Այւ, ինչ ներկայացվել է, արտահայտել է 2018-ի ապրիլին հաստատված բանակցային ստատուս քվոն: Այդ փաստաթուղթը առկախվել էր հեղափոխության պատճառով: Տեքստն իսկ վկայում է, որ դա պատրաստվել է շատ առաջ, որովհետեւ այդ փաստաթղթի մեջ ՀՀ վարչապետ հիշատակված չէ: Սահմանադրական փոփոխությունից հետո էր, որ վարչապետը պետք է դառնար բանակցող: Այդ փաստաթուղթը ճշգրիտ արտահայտում է 2007-ի մադրիդյան սկզբունքները, գումարած 2016-ի օգոստոսի փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ հնարավոր բանաձեւի նախագծով: 2019-ին ներկայացված փաստաթուղթը ոչ մի կապ չունի մեր կողմից վարված բանակցային բովանդակությանն հետ, որովհետեւ այդ պահի դրությամբ մենք դեռեւս առարկայական բանակցությունների փուլ չէինք էլ մտել»,-ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: