ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «SOS Artsakh» կարգախոսով 24 ժամյա նստացույցը շարունակվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նշենք, որ նստացույցը մեկնարկել էր նախօրեին ժամը 08։30-ից: Այսօր առավոտյան նստացույցի մասնակիցները գրավոր իրենց ուղերձ փոխանցեցին ԵՄ ներկայացուցչությանը։


Ներկայացուցչության դիմաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ այս ուղերձն ամբողջացնում է հայ մարդու հավաքական պահանջը. «Այս ուղերձում ամփոփված են բոլոր կարմիր գծերը, որոնք մեզ համար սակարկման ենթակա չեն, կոչ ենք անում միջազգային գործընկերներին դադարեցնել իրենց անհեռատես, հանցավոր, լռության, կուրության քաղաքականությունը և իրապես կրողը լինեն այն արժեքների, որոնց մասին պարբերաբար խոսում են»։

Ա. Կրպեյանն ասաց, որ իրենք նստացույցերով ևս մեկ անգամ արձանագրում են ու բարձրաձայնում այն աղետալի հումանիտար աղետի մասին, որը հիմա տիրում է Արցախում, որտեղ բնակվող 120 հազար հայեր անմարդկային, էթնիկ զտամանը հավասարազոր պայմաններում փորձում են իրենց գոյությունն ապահովել, և այս ամենը միջազգային հանրության խուլ ու համր հայացքի ներքո։

«Մենք այստեղ ենք Արցախի մեր հայրենակիցների ձայնը լսելի դարձնելու համար։ Այսօր ևս մեկ անգամ արձանագրում ենք մեկ այլ կարևոր հանգամանք, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն արժանապատիվ հայ մարդկանց համար սակարկման առարկա չէ, վճռականությունը պայքարելու մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար սակարկման ենթակա չէ։ Այստեղ ենք պահանջելու միջազգային գործընկերներից, քաղաքակիրթ հանրությունից դադարել երկակի ստանդարտների կիրարկումը, դադարել լինել լուռ ու կույր, դադարել լինել համր»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։

Նշենք, որ նստացույցի նպատակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցը կավարտվի այսօր ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։