Պաշտոնական Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում տեղ գտած միջադեպի և զոհերի առնչությամբ՝ ցավակցություն հայտնելով բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին, որի հետեւանքով 4 հայ զինծառայողներ էին զոհվել:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին՝ հասնելու այս նպատակին, և պետքարտուղար Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում:


«Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»:

Ըստ փոխխոսնակի` արտգործնախարարների երեկվա հանդիպումները կառուցողական էին․

«Շարունակում ենք հիմնվել այդ քննարկումների վրա՝ խաղաղ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Արձագանքելով լրագրողների հարցերին՝ բանակցային գործընթացի հնարավոր սառեցման կամ ակտիվության նվազեցման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի ներգրավվածության վերաբերյալ՝ Փաթելն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Լուիս Բոնոն շարունակում են ակտիվորեն ներգրավված լինել գործընթացում:

«Սա մի գործընթաց է, ուր կշարունակենք անմիջականորեն ներգրավված մնալ կողմերի արտգործնախարարների հետ: Ինչպես գիտեք, պետքարտուղարը երեկ հնարավորություն է ունեցել հանդիպել նրանց հետ՝ երկկողմ և եռակողմ [ձևաչափերով]։ Ակնկալում ենք, որ այս խաղաղ բանակցությունները կշարունակվեն»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան գրառմամբ ևս անդրադարձել է այսօրվա միջադեպին՝ շեշտելով.

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստներով: Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին այս նպատակին հասնելու հարցում»,- նշել է Միլլերը: