Նորվեգիայի իշխանությունները երեքշաբթի նախազգուշացրել են «չափազանց առատ տեղումների» նախապատրաստվելու անհրաժեշտության մասին այն բանից հետո, երբ «Հանս» փոթորիկը երկու մարդու մահվան պատճառ էր դարձել, տեղեկացնում է Associated Press-ը:
Ուժեղ քամով ուղեկցվող հորդառատ անձրևները շարունակել են թափվել տարածաշրջանի վրա՝ մի շարք խափանումներ առաջացնելով Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում և Լատվիայում: Երեքշաբթի օրը լաստանավերը չեն աշխատել, չվերթները հետաձգվել են, ճանապարհներն ու փողոցները հեղեղվել են, ծառեր են արմատախիլ եղել, մարդիկ են վիրավորվել, հազարավորները մնացել են առանց էլեկտրականության։
Երեքշաբթի Օսլոյում պաշտոնյաները մարդկանց հորդորել են տնից աշխատել: Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի վարչությունն իր կայքում նախազգուշացրել է Նորվեգիայի հարավում «չափազանց առատ տեղումների» մասին՝ հավելելով, որ «պետք է խուսափել տրանսպորտի անհարկի երթևեկությունից»։
Ֆինլանդիայում իշխանությունները կոչ են արել մարդկանց մտածել «արդյո՞ք, արժե ծով դուրս գալ», Ֆիննական ծոցի շրջանի առափնյա պահպանության ներկայացուցիչ Վիլ Հուկիի խոսքերն է մեջբերում ֆիննական Hufvudstadsbladet թերթը: