Ավելի քան 10 հանրապետական կոնգրեսական ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Ուկրաինային լրացուցիչ 24 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու հարցապնդումը։ Այս մասին X-ի (Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է հանրապետական կոնգրեսական Ուորեն Դեւիդսոնը։

«Մենք գրում ենք, որպեսզի արտահայտենք մեր վճռական անհամաձայնությունը Ձեր վերջին հայցադիմումի հետ կապված՝ 40 մլրդ դոլարի հատկացման մասին, ներառյալ 24 մլրդ դոլարն Ուկրաինայի համար»,- գրել են 12 հանրապետական կոնգրեսականներ։

Նրանք իրենց նամակում նաեւ նախազգուշացրել են, որ «առանց որոշակի առաքելության անհնար է մշակել հստակ նպատակներ, առանձնացնել անհրաժեշտ միջոցներ, իրականացնել խիստ վերահսկողություն եւ պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության հաջողության կամ անհաջողության համար»։

«Լրացուցիչ հատկացումների փաթեթ խնդրելով՝ Դուք ԱՄՆ-ը կանգնեցնում եք կառավարության աշխատանքը դադարեցնելու ուղու վրա՝ խախտելով պետական պարտքի շեմի մասին համաձայնագիրը»,- գրել են օրենսդիրները։