Մենք մտահոգված ենք Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով։ Հատկապես մտահոգիչ են շրջափակման ուժեղացման մասին հաղորդագրությունները, ինչը խոչընդոտում է քաղաքացիական բնակչությանը օգնություն տրամադրելուն։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Բրազիլիայի պատվիրակության ներկայացուցիչ Սերջիո Ֆրանսա Դանեզեն։

Նրա խոսքով՝ Բրազիլիան վերահաստատում է իր հանձնառությունը՝ հարգելու Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ինքնիշխանությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:


«Սակայն պետք է հաշվի առնվեն մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, որպեսզի կանխեն կամ սահմանափակեն անմեղ քաղաքացիական բնակչության տառապանքները։ Ներկա փակուղային իրավիճակի շարունակումը, անկախ դրա պատճառներից, սպառնում է հազարավոր մարդկանց բարեկեցությանը եւ կյանքին»,-նշել է նա։

Սերջիո Ֆրանսա Դանեզեն կողմերին կոչ է արել ուսումնասիրել մեխանիզմները, որպեսզի ապահովվի անարգել մարդասիրական մուտք դեպի Ղարաբաղ, ներառյալ Աղդամ-Խանկենդի (Ստեփանակերտ-խմբ.) երթուղու օգտագործման հնարավորությունը։

«Կարեւոր ենք համարում գտնել այս ճգնաժամի երկարաժամկետ լուծումը, որը կարող է էլ ավելի ծանր դառնալ առաջիկա ամիսներին՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը։

Բրազիլիան հասկանում է, որ այս հակամարտությունը բխում է բարդ իրավիճակից, որն ընդգրկում է մի քանի սերունդ, հազարավոր մարդիկ զոհվել են ։ Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել բռնության այս ցիկլը, ինչը ենթադրում է հեռացում ագրեսիվ հռետորաբանությունից, որն օգտագործում են ներգրավված կողմերից մի քանիսը:

Բրազիլիան խրախուսում է կողմերի միջեւ երկխոսության շարունակումը եւ ընդգծում, որ աջակցում է հրադադարի համաձայնագրի պայմաններին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, որը խաղաղաշինության ճանապարհային քարտեզ է:

Կարեւոր է, որ կողմերը հարգեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են այդ պահին եւ շարունակեն ձգտել այդ հակամարտության վերջնական լուծմանը: Անվտանգության խորհուրդը պետք է ուշադիր հետեւի իրավիճակին եւ պատրաստ լինի օգնել»,-հավելել է նա։