Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 430 949 ուղեւոր, գիծ է դուրս բերվել 2786 գնացք:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ միասնական տոմսային համակարգը ներառում է նաև մետրոպոլիտենը. «Առաջիկայում կներդրվեն անհրաժեշտ ծրագրատեխնիկական միջոցներ, և տոմսային հասույթի հավաքագրումը կիրականացվի ժամանակակից միջոցներով»,- շեշտեց Սեդրակյանը:

Անդրադառնալով Երեւանում միասնական տոմսային համակարգի ներդրմանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Ամենակարեւոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երեւան քաղաքում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի տոմսային համակարգը: Այդ ամբողջ համակարգն աշխատելու է եւ առցանց, եւ վճարումները եւս հնարավոր է լինելու անել առցանց»: