Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք պետք է երեխայի սահմանը հստակ գծենք՝ որտեղ է ավարտվում երեխան և որտեղ է սկսվում հասուն մարդը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր օրենսդրությունն ասում է, որ ՀՀ 18 տարեկանը լրացած անձը չափահաս քաղաքացի է: Բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում մենք այս խնդիրը չենք լուծել: Ես այս թեմային բախվել եմ եւ շարունակում եմ բախվել տասնյակ անգամներ:


Ուզում եմ բերել ամենացայտուն օրինակը. Դուք գիտեք, որ Հայաստանում պարտադիր զինծռայություն է գործում 18 տարեկանից: Շատ վաղուց իմ ականջը ծակում է այն հանգամանքը, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորների մասին խոսելիս ասում են՝ երեխա: Մենք այդ մարդու վրա երկրի անվտանգության ապահովման ֆունկցիա ենք դրել ու իրեն ասում ենք է երեխա: Եթե ինքը երեխա է, ուրեմն իրեն չպետք է զորակոչենք բանակ: Բանակում չկա երեխա, կա զինվոր»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, մեր հանրության մեջ սոցիալ-հոգեբանական այս խնդիրը կա. «Եթե այսպես գնա, կասենք՝ 35 տարեկան երեխա, 45 տարեկան երեխա, 63 տարեկան երեխա, վաղ կենսաթոշակային տարիքի երեխա: Սա հումոր չէ, այստեղ շատ լուրջ խորը պրոբլեմներ կան, որոնք արտահայտվում են առօրյա կյանքում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ԿԳՄՍ նախարարի և կառավարության մյուս անդամների առաջ խնդիր դրեց հստակ գծել երեխայի սահմանը: