«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցանկացած ընտրության շեմին, նաև քարոզարշավի ընթացքում իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ, այդ թվում՝ բուն մասնակիցների կողմից: Երևանի ավագանու ընտրությունները ևս բացառություն չեն: Այս ընթացքում ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական միավորներ հարցումներ են անցկացրել, որոնց արդյունքները փաստացի տրամագծորեն հակառակ են միմյանց: Օրերս հերթական հարցման արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association»-ը: Ուշագրավ է, որ, ըստ հարցման արդյունքների, հարցված քաղաքացիների 38,8 %-ը չի կողմնորոշվել, թե որ ուժի օգտին է քվեարկելու:

Ինչ վերաբերում է կողմնորոշվածների «քվեներին», ապա հարցման արդյունքներով որևէ ուժ լուրջ տոկոսներով հպարտանալու պատճառ այս պահին չունի: Համեմատաբար առարկայական տոկոսներ ստացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան), «Ազգային առաջընթաց կուսակցությունը» (Հայկ Մարության), «Ապրելու երկիր» կուսակցությունը (Մանե Թանդիլ յան), «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալ յան), «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Դավիթ Խաժակյան), «Հաղթանակ» կուսակցությունը (Վիկտոր Մնացականյան)։

Ի դեպ, պետք է նշել նաև, որ հարցվածների 19,2 տոկոսը թեպետ կողմնորոշվել է ընտրության հարցում, բայց հրաժարվել է բարձրաձայնել այն։ Այս հարցման առաջնային առանձնահատկություններից մեկը, սակայն, այն է, որ անխտիր բոլոր ուժերը դժգոհ են արդյունքներից: Նրանք վստահ են, որ «GALLUP International Association»-ի հարցման արդյունքները օբյեկտիվ պատկերը չեն ներկայացնում: Իրենց սեփական հարցումներն են տարբեր համացանցային հարթակներով հանրայնացնում թե՛ իշխանամերձ, թե՛ ընդդիմադիր ուժերը, որոնք տրամագծորեն հակառակ պատկեր են ներկայացնում։

Բանը հասել է այնտեղ, որ, օրինակ՝ տարածվող հարցումներից մեկով իշխանության «սրտի» թեկնածու Տիգրան Ավինյանին վերագրվում է ավելի քան 40 % ձայն։ Այնուամենայնիվ, բոլոր այս հարցումները ցույց են տալիս, որ այս ընտրություններին ընդառաջ չափազանց մեծ է չկողմնորոշված, բայց քվեարկությանը մասնակցելու պատրաստ անձանց թիվը, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 17-ին կարող են «տհաճ» կամ «հաճելի» անակնկալներ լինել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում