«Հետք»-ը գրում է. «Օգոստոսի 24-ին Hetq-ը գրել էր, որ Պետռեգիստրի գործակալությունը կասեցրել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանի դեմ հարուցված վարչական վարույթը։

Վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցը պարզել էր, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունը եւ «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագիրը հակասում են իրար։ Այսպես, Միհրան Պողոսյանը տեսանյութում պնդել էր, որ ընկերության իրական շահառուն եւ սեփականատերը ինքն է։ Սակայն, ըստ ընկերության հայտարարագրի, «Մրգենի» ՍՊԸ-ի ԻՇ-ն Լեւոն Աթաջանյանն էր։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին կայքը հարցրել էր՝ նախարարությունն այս հայտարարության վերաբերյալ որեւէ վարույթ նախաձեռնե՞լ էր, որեւէ ստուգում իրականացրե՞լ էր, թե՞ ոչ։ Հարցմանն ի պատասխան Պետռեգիստրի գործակալությունից տեղեկացրել են վարչական վարույթ հարուցելու մասին։

Վարույթի շրջանակներում գործակալությունը պետք է պարզեր՝ արդյոք «Մրգենի» ՍՊԸ-ն անզգուշությամբ էր սխալ ներկայացրել ԻՇ հայտարարագիրը, թե՞ կեղծ տվյալներ էր ներկայացրել։

Գործակալությունը վարույթը հարուցելուց մոտ մեկ ամիս անց այն կասեցրել էր, քանի որ չէր հայտնաբերել կալանավորված Լեւոն Աթաջանյանին։

Hetq-ը նշել էր, որ վարույթի կասեցման պատճառը առնվազն տարօրինակ էր, քանի որ Աթաջանյանը մայիսից մինչեւ հիմա կալանավորված էր։

«Հետքի» այս հրապարակումից օրեր անց՝ օգոստոսի 29-ին, Պետռեգիստրի գործակալությունից գրություն է ստացվել։

«Պետական ռեգիստրի գործակալության կողմից արդեն գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը, որով Պետական ռեգիստրի գործակալությունը խնդրել է ապահովել վարչական իրավախախտման վարույթ հարուցելու մասին որոշման եւ վարչական իրավախախտման արձանագրության կազմման նպատակով ծանուցագրի հանձնումը Լեւոն Աթաջանյանին։ Վերջինիս կողմից համապատասխան փաստաթղթերը պատշաճ ստանալու մասին փաստաթուղթը Պետական ռեգիստրի գործակալություն մուտքագրվելու օրվանից վարչական իրավախախտման վարույթը կվերսկսվի»,- ասված է գրությունում։

Փաստորեն, գործակալությունը մտադիր է վերսկսել վարչական վարույթը, որը մեկ ամսվա ընթացքում հասցրել էր հարուցել այնուհետեւ կասեցնել։

Պետռեգիստրի գործակալությունը իրավասություն չունի ստուգելու ընկերությունների՝ ԻՇ մասին հայտարարագրերի իսկությունը մինչեւ դրանց հրապարակումը։

Չնայած ԻՇ մասին հայտարարագիր ներկայացնելը պարտադիր է, կան ընկերություններ, որոնք չեն պահպանում սահմանված ժամկետներն ու դեռեւս չեն ներկայացրել հայտարարագրերը»: