Օգոստոսի 30-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները գնացել էին Պաշտպանության նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Թեպետ ծնողներին թույլ էին տվել մտնել նախարարության շենք և հատկացրել էին սենյակ, որպեսզի նրանք նստեին, սակայն շենքի ներսից տեղեկացրել էին, որ Պապիկյանը շենքում չէ և նրանց չի կարող ընդունել։ Ծնողները հայտարարել էին, որ իրենք շենքից չեն գնալու, մինչև հանդիպում տեղի չունենա, այդպես սպասել էին մինչև կեսգիշերն անց։ Այնուհետև նրանց տեղեկացրել էին, որ հանդիպումը տեղի կունենա Պապիկյանի հետ։

Այդ օրը ծնողներին ընդունել էր Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, զրուցել նրանց հետ, սակայն, ինչպես ծնողներն էին ասել, իրենց հարցերին չի պատասխանել, այդ պատճառով էլ ցանկացել են, որ հանդիպումն անպայման լինի Սուրեն Պապիկյանի հետ։

168.am-ի հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ իրենց բողոքից մեկ օր հետո հանդիպել են Սուրեն Պապիկյանի հետ։

«Մոտ 50 ծնող էինք, մենք հարց տվեցինք Պապիկյանին, ինքը պատասխանեց, հետո նա հարցեր տվեց, մենք պատասխանեցինք։ Ի վերջո, Սուրեն Պապիկյանը նշանակեց անհատական խմբերով՝ 4-5 հոգանոց խմբերով հանդիպում՝ տարբեր օրերի։ Մենք շատ էինք, մի քիչ խառնաշփոթ էր, հնարավոր չէր, այդքանի հարցերին միանգամից պատասխանել։ Մեզ հանդիպման համար նշանակել է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը անհետ կորածների գործով գեներալի ու հրամանատարի դատն է, այնպես ենք արել, որ գնանք իր հետ զրուցենք, հետո գնանք դատին մասնակցենք։

Չգիտեմ, Սուրեն Պապիկյանն ասաց, որ քննչականով, քրեականով այդ հարցերը կլուծվեն։

Դե չգիտեմ՝ ինչպես կլինի, իրենք էլ չեն ասում։ Հանդիպմանը Սուրեն Պապիկյանն ասաց, որ խաղաղության պայմանագիր կնքվի, դրանից հետո այդ հարցը կլուծվի, առանց այդ խաղաղության պայմանագրի հարցը չի լուծվի»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: