«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:

Քննության արդյունքները դեռ չկան։ Իսկ ի՞նչ դեպքի մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, գրել էինք, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:


ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ի դեպ, դեռեւս ՔԿ ծառայության պետի պաշտոնը դատարկ է, ու չեն կարողանում թեկնածու գտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում