Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քաղաքապետի ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, ոչ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ Հայաստանը համարում է, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին, եւ Հայաստանը դա կստորագրեր:

«Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունն ու ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ, մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար», ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ կշարունակեն ինտենսիվ բանակցություններն ու կհասնեն խնդրի լուծմանը:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ հումանիտար ճգնաժամը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա: Կարծում եմ` մենք ահագին ժամանակ ենք կորցնում ու կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով, այդ ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, թե հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր. «Ես դա միշտ պետք է հնարավոր համարեմ, որովհետեւ ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր» Որքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է կոնկրետ մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Ես հնարավոր համարում եմ, որովհետեւ հույս ունենք, որ այս իրավիճակը կփոխվի: Մենք աշխատում ենք այս իրավիճակի փոփոխության վրա, Լաչինի միջանցքի բացման վրա, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման վրա, Ստեփանակերտ-Բաքու հնարավորության վրա: ԻՄ աշխատանքն է ամեն ինչ անել դա հնարավոր դարձնելու համար եւ ելնել այն իրողությունից, որ դա հնարավոր է եւ մենք պետք է դա անենք»: