Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե մենք դատապարտել ենք»:

Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայվելու ակտեր»,- նշեց Փաշինյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։