Մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք. Մենք օգնել ենք, օգնում ենք և կշարունակենք օգնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանելով հայ պատգամավորի հայտարարությունը Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելափակելու անհրաժեշտության մասին՝ նա նշել է. «Ռուսաստանը Հայաստանում ընկերներ չի կորցրել։ Ուրիշ բան, որ մենք տեսնում ենք ահռելի քանակությամբ սադրանքներ, տեսնում ենք, թե ինչ են անում Հայաստանում 2000 ամերիկացի դիվանագետները՝ հիմնականում կեղծիքներ և ապատեղեկատվություն տարածելով։ Զարմանալի է, որ երեւանյան իշխանությունները դա չեն նկատում։

Եվ այս ֆոնին, այն ֆոնին, որ 2000 ամերիկացի դիվանագետներ Հայաստանում են, և դա չգիտես ինչու հայ պաշտոնյաների մոտ որևէ հարց չի առաջացնում... Այս ֆոնին իշխող խմբակցությունից ինչ-որ պատգամավոր դուրս է գալիս և հայտարարում ռուսական լրատվամիջոցների արգելափակման անհրաժեշտության մասին:

Եվ այս ամենը` ի հավելումն նրա, որ ռուս լրագրողներին այլեւս թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան, ընդգրկված են «ստոպ-լիստ»-երի ցուցակներում և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները եկել են «Խոսքի ազատություն» գլխավոր կարգախոսով։ Մնացած ամեն ինչ կարծես երկրորդական էր։

Սա միայն մեկ ուղղությամբ չի աշխատում, երբ միայն իրենք կարող են խոսել: Խոսել կկարող են բոլորը, և դա նաև պետք է հեռարձակվի, քանի որ դրանք տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ են։ Այդ աղբյուրները կտրելը հարված է ժողովրդավարությանը: Եվ դա անվանելու այլ կերպ չկա։ Սա հարված է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հարթակը կազմող հիմքերին։ Նման հայտարարությունները վկայում են ժողովրդավարական սկզբունքներից շեղման մասին»։