Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երեւանի 14-րդ քաղաքապետն է:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ:

«Հիմք ընդունելով ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 կետի 8-րդ մասը, ղեվարավելով Երեւանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ սահմանված հավելվածով հաստատված 106-րդ կետը եւ հիմք ընդունելով ընտրությունների արդյունքները, հայտարարում եմ՝ Երեւանի քաղաքապետ ընտրվել է Տիգրան Արմենի Ավինյանը»,-հայտարարեց Վարդանյանը, որին հաջորդեցին ծափահարություններ:

Նշենք, որ քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 33 կողմ ձայն, սակայն քանի որ Ավինյանը քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն էր, ընտրվելու համար նրան 27 ձայն էր անհրաժեշտ։

Արդյունքների հրապարակումից հետո Ավինյանը մոտեցավ ամբիոնին, շնորհակալություն հայտնեց երևանցիներին, ավագանու անդամներին. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ավագանու այն անդամներին, որոնք ընտրեցին քաղաքապետ։ Ես խոստանում եմ ծառայել Երևանին. Հայաստանի Հանրապետությանը, բոլոր այն սկզբունքների հիմքով, որը հայտարարել ենք 2018-ին»,-ասաց նա իր խոսքում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» - 12 մանդատ

«Հանրապետություն» - 8 մանդատ

«Հանրային ձայն»- 7 մանդատ

Անդրանիկ Թեւանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» եւ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, ավագանին ցրվի եւ լինեն նոր ընտրություններ: Իսկ ահա Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» մասնակցեց նիստին, որի արդյունքում քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ: