Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ տարածաշրջանի դիմադրության խմբերը պատրաստ են «բոլոր սցենարներին՝ Իսրայելի վարչակարգի հետ կապված, որը Գազայի հատվածը ենթարկել է լայնածավալ պատերազմի»,- տեղեկացրել է Mehr-ը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը այսպիսի հայտարարություն է արել սիրիացի գործընկերոջ՝ Ֆեյսալ ալ-Մեկդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ուրբաթ օրը։


Սիրիան Ամիր-Աբդոլահիանի տարածաշրջանային շրջագայության երրորդ կանգառն է, նա այստեղ է եկել Իրաք եւ Լիբանան այցելություններից հետո։

Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սայեդ Հասան Նասրալայի եւ մի շարք այլ ղեկավարների հետ։

«Ինձ տեղեկացրել են (այդ հանդիպման ժամանակ), որ դիմադրությունը քննարկել է բոլոր հնարավոր սցենարները, եւ (դիմադրության խմբերը) բարձր տրամադրության մեջ էին»,- ասել է իրանցի պաշտոնյան։

Ամիր-Աբդոլահիանը նախազգուշացրել է, որ «սիոնիստական վարչակարգը եւ նրա դաշնակիցները փորձում են զանգվածային սպանդ իրականացնել Գազայում՝ շարունակելով պարենի, ջրի եւ էլեկտրականության մատակարարման դադարեցումը»։

«Ես պատրաստ եմ բարձրաձայն հայտարարել մուսուլմանական եւ արաբական երկրների ղեկավարներին, որ այսօր Գազայի ճնշված ժողովուրդը անհապաղ միաջզգային օգնության կարիք ունի հումանիտար շրջափակումը հանելու եւ սիոնիստների հանցագործությունները դադարեցնելու համար»,- ասել է նա։

Նա քննադատել է Արաբական պետությունների լիգային այն բանի համար, որ նա հանդես է եկել «իրավիճակի մասին մռայլ հայտարարությամբ՝ դատապարտելով խմբավորմանը իր «երկիմաստ եւ անկայուն դիրքորոշման» պատճառով։

Իրանի արտաքին գործերի նախարարը հուսով է, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարները շուտով կհանդիպեն Իրանի մայրաքաղաք Թեհրանում կամ որեւէ այլ տեղում՝ քննարկելու համար Գազայում տիրող իրավիճակը։