«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։


Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։


Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է, Հռոմի ստատուտը դեռեւս ուժի մեջ չի մտել, բայց վավերացումից հետո ՌԴ-ն անցել է սանկցիաների մեր հայրենակիցների նկատմամբ՝ հարկային ստուգումներ, դեպորտի սպառնալիքներ, հայկական վարորդական վկայականները ճանաչելու գործընթացի հետաձգում եւ այլն։ ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել Ռուսաստանի մտահոգությունները։

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ երեկ բացել է փակագծերը, ասելով, որ կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Ռուսական կողմը դեռեւս չի պատասխանել ՀՀ առաջարկին։ Իշխանական շրջանակներում հույս չունեն, որ պատասխան կստանան, համոզված են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ում չեն մարսել ու չեն ներելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում