Փորձագետները նշում են, որ իսլանդական Գրինդավիկ քաղաքը, որ գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից ոչ հեռու և որտեղ ապրում է մոտ 4000 մարդ, կարող է խիստ տուժել հրաբխի ժայթքումից, որը սպասվում է ժամերի կամ օրերի ընթացքում, գրում է AFP-ն։

Հարավարևմտյան ատափնյա Գրինդավիկ քաղաքը տարհանվել է շաբաթ օրը վաղ առավոտյան այն բանից հետո, երբ երկրակեղևի տակ մագմայի տեղաշարժը հարյուրավոր երկրաշարժեր է առաջացրել, որոնք, ենթադրաբար, նախորդել են ժայթքումին:

«Մենք իսկապես անհանգստացած ենք այդ տարածքում գտնվող բոլոր տների և ենթակառուցվածքների վիճակով», - շաբաթ ասել է Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Վիդիր Ռեյնիսոնը:

Ռեյկյավիկից մոտ 40 կիլոմետր հարավարևմուտք գտնվող քաղաքը գտնվում է Սվարցենգի երկրաջերմային կայանի մոտ, որը Ռեյկյանես թերակղզու 30,000 բնակիչների, ինչպես նաև քաղցրահամ ջրի ջրամբարի էլեկտրաէներգիայի և ջրի հիմնական մատակարարն է։

Գրինդավիկը նաև մոտ է հայտնի զբոսավայր, «Երկնագույն ծովալճակ» երկրաջերմային սպա հանգստավայրին, որն այս շաբաթվա սկզբին փակվել է նախազգուշական նկատառումներով:

Ամենահավանական սցենարը Գրինդավիկի մոտ գետնի ճեղքի բացվելն է։

«Մենք ունենք մոտ 15 կիլոմետր երկարություն ունեցող ճեղք, և այդ ճեղք ի ցանկացած կետում կարող է ժայթքում տեղի ունենալ», - ասել է Ռեյնիսոնը:

Միաժամանակ, փորձագետը չի բացառել օվկիանոսի հատակում ժայթքման հնարավորությունը, որը, հավանաբար, մոխրի մեծ ամպ կառաջացնի:

Մագմայի տեղաշարժի հետևանքով առաջացած երկրաշարժերն ու գետնի բարձրացումն արդեն իսկ վնաս են հասցրել Գրինդավիկի և շրջակայքի ճանապարհներին և շինություններին:

Իսլանդիան, որն ունի 33 ակտիվ հրաբխային համակարգ, արտակարգ դրություն է հայտարարել և շաբաթ վաղ առավոտյան կարգադրել է պարտադիր կարգով տարհանել Գրինդավիկը։