«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 9-ին Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ կանգնած չեն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակողը Հաղթանակ թաղամասում հայտնի Անտոշն է, որը, ըստ տարածված լուրերի, «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդու վարորդն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երեւանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, եւ հնչել էին կրակոցներ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 10-ից ավել պարկուճներ, քարեր, փայտե մահակներ, կոտրված ավտոմեքենաներ եւ հանցագործության բացահայտման համար կարեւոր իրեր: Հայտնաբերվել է նաեւ BMW մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին վնասված է եղել: Մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել եւ կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023 թվականի ընթացքում մեկը մյուսի հետեւից դատական հայցեր է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ՝ պահանջելով կայացրած որոշումները անվավեր ճանաչել: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ 5 հայց է ներկայացվել հիշյալ մարմնի դեմ, որպեսզի տեսչական մարմինը անվավեր ճանաչի կայացրած որոշումները:

Նկատենք, որ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում խոշոր վառելիք ներկրող ընկերություն, սակայն, ըստ ամենայնի, տարրական հրդեհային անվտանգության կանոնները չի պահպանում. պետական օղակների թիրախում է հայտնվել ու ստիպված է դատարաններով կարգավորել հարցերը:

Հիշեցնենք նաեւ, որ «Սի Փի Էս Օիլ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2007 թվականին։ «Սի Փի Էս Օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն, ըստ մեր հավաստի աղբյուրների, «Սի Փի Էս» (CPS) ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ի 100% բաժնեմասը:«Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սի Փի Էս Օիլ»-ը գրանցված են Երեւանի կենտրոնում գտնվող նույն հասցեում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում