Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձեւաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարեւաններ։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաեւ, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձեւաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարեւորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարեւոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, եւ կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, եւ ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է նա: