«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի երկու ժամ առաջ այն բանից, երբ ազդարարվեց Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին, ՔՊ-ում, պարզվում է, նիստ են արել: Համենայն դեպս, ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստ, որի ժամանակ «քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր»:

Հետաքրքիր է, որ «կարկառուն» քպականներից մի երկուսը նաև մասնավորեցրել են, թե ինչ են քննարկել: «Քննարկել ենք անկախությանը, ինքնիշխանությանը, մեր պետության ապագային վերաբերող կարևորագույն գաղափարական հարցեր»,-գրել է քպականներից մեկը: Այսքանն արդեն իսկ բավարար է տագնապի զգացողության համար: Դե, եթե ՔՊ-ում քննարկում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և պետության ապագային վերաբերող հարցեր, այն էլ՝ գաղափարական, ուրեմն՝ ինքնիշխանությունը, անկախությունն ու պետության ապագան իրենց «ճաշները կերան»: Ռուսերեն հայտնի արտահայտության հանգույն՝ «չորացրեք թիակները»:


Չէ, լո՛ւրջ, վախենալու է, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ հավաքված մյուս «նիկոլփաշինյանները» խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից, պետության ապագան էլ՝ վերադիր: Այդ վերադիրն՝ առաջին հերթին, որովհետև նրանց խոստացած որևէ «ապագա» արդեն իսկ... անապագա է: Խոսում էին Արցախից, Արցախի բոլոր հայտնի անկյուններում նկարվում էին ու գրում՝ «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է», գոռում էին՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Եվ ի՞նչ:

Արցախը հանձնեցին թշնամուն, հիմա Արցախ բառն անգամ մտքում չեն արտաբերում, ավելին, ամեն նստել-ելնելիս հայտարարում են, որ «Ղարաբաղը ադրբեջանական է, և՝ վերջ»: Խոսում էին ժողովրդավարությունից, Հայաստանում ոչ միայն խայտառակ բռնապետություն է, այլև այն գնալով ավելի ու ավելի քստմնելի դրսևորումներ է ստանում: Խոսում էին կոռուպցիայի դեմ պայքարից... Եթե չասենք էլ, բավարար է թռուցիկ հայացք նետել նրանց ներկայիս տեսքին, հագուկապին, հայտարարագրերին, բնակարաններին ու մեքենաներին, և ամեն ինչ պարզից պարզ կլինի: Խոսում էին ապագայից, ապագան թաղեցին ու շարունակում են թաղել: Անդադար խոսում են խաղաղությունից, արդեն երեք տարուց ավելի շարունակական պատերազմ է՝ շարունակական կորուստներով: Հասել են անկախությունից ու ինքնիշխանությունից խոսելուն: Ու երբ դրա մասին հայտարարում են իրենք՝ քպականները, դա հնչում է շատ, չափազանց շատ վախենալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում