Նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթնաժողովում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուղղակի հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին, որ Պեկինը վերամիավորելու է Թայվանը և մայրցամաքային Չինաստանը: Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տեղեկությունների համաձայն, Չինաստանի նախագահը չի նշել ստույգ ժամկետը, որի ընթացքում Չինաստանն ակնկալում է իրականացնել այս ծրագիրը, սակայն նշել է, որ դա կարվի «խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժի կիրառմամբ»։

Երկու ղեկավարների նոյեմբերին կայացած գագաթնաժողովին տեղյակ ամերիկացի պաշտոնյաների վկայությամբ, Սի Ծինփինը խոսել է «ուղիղ և անկեղծ, ոչ թե առճակատմամբ»: Չինաստանի ղեկավարը Բայդենին մատնանշել է նաև, որ ԱՄՆ-ն ազդում է կղզու վարչակազմի ղեկավարի ընտրությունների մասնակիցների վրա, որոնք կանցկացվեն 2024 թվականի հունվարին։

2016 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է Դեմոկրատական ​​առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Ցայ Ին Վենը, որը վերընտրվել է երկրորդ և վերջին քառամյա ժամկետով՝ 2020 թվականին։ Իշխանության գալուց հետո նա հրաժարվել է ճանաչել «մեկ Չինաստանի» սկզբունքը և փոխել է Գոմինդանի՝ մայրցամաքային Չինաստանի հետ աստիճանական մերձեցման երկարաժամկետ քաղաքականությունը. դրա հետևանքով Պեկինի և Թայբեյի հարաբերությունները արագորեն սկսեցին վատթարանալ: